Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թշնամու հերթական պահանջը

Թշնամու հերթական պահանջը
27.02.2024 | 17:24

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնում է, որ առաջիկա օրերին Բեռլինում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում:

Դեռ չի լուսաբանվում, թե այն ինչ օրակարգով է, սակայն ենթադրելի է, որ քննարկվելու են «խաղաղության պայմանագրի» դրույթները:

Ի դեպ, տեղեկություն կա, որ Ադբեջանն այս հանդիպմանը հանդես է գալու նոր պահանջներով:

Եթե նախկին բոլոր պահանջ-պայմանները բոլորս գիտենք, ապա հիմա՝ «խաղաղության պայմանագրում», ի հավելումն նախորդների, որպես նոր պահանջ դրվելու է նախկինում ակնարկված, այժմ խիստ ակտուալ դարձած՝ ռեպարացիաների (պատերազմի հետևանքով պատճառված կորուստների փոխհատուցում պարտված երկրի կառավարության կողմից հաղթող պետությանը: Վնասի հատուցման ծավալն ու բնույթը պետք է համապատասխանի նյութական վնասին՝ համաչափության սկզբունքով) և կոնտրիբուցիաների (պատերազմի ընթացքում և դրա արդյունքում տարածքի բնակչության կողմից վնասների համար նախատեսված դրամական հարկադիր տուրք, որը պարտված պետությունը հաշտության պայմանագրով վճարում է հաղթող կողմին) հարցը:

Ըստ նախնական ձևակերպման՝ «այն փակուղային վիճակը, որում հայտնվել է ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը, Բաքվի համար Երևանի հետ հարաբերություններում իր մոտեցումները վերանայելու անհրաժեշտություն է առաջացնում։

Ըստ Ադրբեջանի, համապատասխան պետական կառույցներն առ այսօր գնահատում են «հայկական օկուպացիայի» արդյունքում Ադրբեջանին հասցված նյութական վնասի չափը։

«Ժամանակին, երբ ավերածությունների մասշտաբները պարզ չէին, նման հաշվարկների ժամանակ խոսվում էր ավելի քան 800 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասի մասին։

Համոզված ենք, որ նոր հաշվարկներով խոսքը հարյուրավոր միլիարդների մասին է լինելու։

Հետևաբար՝ հատուցումների մասին կետը պետք է պարտադիր դառնա Հայաստանի հետ բանակցային օրակարգում, որն այսօր բավական հարուստ է Հնդկաստանից և Ֆրանսիայից զենք գնելու համար:

Այնպես որ՝ Հայաստանի կողմից վնասի մասին հատուցման պահանջը կամրագրվի խաղաղության պայմանագրում»։

Ի դեպ, Ադրբեջանի անթիվ-անհամար պահանջներից, ինչպիսին է՝ ՀՀ Արտգործնախարարության կայքից «Լեռնային Ղարաբաղ» բաժնի հեռացումը, որը թերևս բանավոր պահանջ էր և որպես պահանջ դեռ չէր ներառվել «խաղաղության պայմանագրի» մեջ, այդուհանդերձ՝ հայկական կողմն այն արդեն իսկ բավարարել է:

Մի շարք պահանջներ ևս բավարարվել են, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնվում:

Չեմ զարմանա, որ «Խոջալուի ցեղասպանության» էյֆորիայի տակ, որպես պայման, առաջ քաշվի նաև այդ «ցեղասպանությունը» ճանաչելու դրույթ:

Ի դեպ, Ադրբեջանն արձանագրեց ևս մեկ դիվանագիտական հաջողություն.

Ջեյհուն Բայրամովն այսօր կասի, որ շուրջ 5 ամիս Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան խաղաղ ապրել՝ առանց որևիցե լուրջ միջադեպ արձանագրելով պայմանական սահմանին:

Այդկերպ Ադրբեջանին փաստացի հաջողվեց Հայաստանին մտցնել երկկողմ օրակարգի մեջ, ինչի նպատակը նախ՝ առանց միջնորդի ներկայության բանակցությունները փակուղի մտցնելն է և հետո, որ հետայսու որևէ միջնորդ չկարողանա Ադրբեջանին մեղադրել բանակցությունները տապալելու մեջ։

Այսօր Ադրբեջանը, ներքաշելով Հայաստանին ուղիղ բանակցությունների մեջ (մենք կարող ենք երկուսով պայմանավորվել, ցանկացած երրորդ կողմ մեզ խանգարում է) ռեալիզացնում է իր օրակարգը, իսկ այլընտրանքը թողնում էսկալացիաներն ու պատերազմը:

Միաժամանակ Ալիևն ասում է, որ «Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է», որ «Հայաստանը փորձում է նոր տեր գտնել ու ընկնել ինչ-որ մեկի գիրկը» և որ «Յուրաքանչյուրիս սրտում վրեժխնդրության զգացում կա։ Զայրույթը խեղդում է, և այս զգացումը մեզ հետ է, եթե նույնիսկ անցնի ոչ թե 30, այլ 300 տարի։ Եվ սա բնական է»:

Դե իսկ, Փաշինյանը ևս խոսելով հավանական պատերազմի մասին, սեփական ժողովրդին կանգնեցնում է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պետք է ընտրենք Բաքվի օրակարգը, կա՛մ ստանանք էսկալացիա ու պատերազմ։

Դե, ֆրանսիական պաշտպանական համակարգն էլ՝ «մեզ պահապան»:

Այսպիսով, հասկանալի է դառնում, որ կրավորական դիրք ընդունած շարժվում ենք առաջ:

Թե ինչ հանգրվանի կհասնենք՝ դժվար չէ կռահել:

Առավել ևս, երբ կարծես հաստատվում է, որ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 4-ին կժամանի Հայաստան:

Կարևորը Հայաստանում ՈՒկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբախը վստահեցնում է, որ «ՈՒկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին:

Կարող եմ միայն ասել, որ գարունը շատ դրական իրադարձություններ է բերելու Հայաստանին»:

Իհարկե՜, կարելի է միայն պատկերացնել, թե գարունն ինչ իրադարձություններ է բերելու Հայաստանին:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ